Երեկվա երկրաշարժի հետեւանքով հայերը կրկին դրսում են գիշերել․ Զարմիկ Պողիկյան

Երեկվա երկրաշարժի հետեւանքով հայերը կրկին դրսում են գիշերել․ Զարմիկ Պողիկյան

Սիրիայում երեկ՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան, հայկական շենքեր չեն վնասվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հալեպի «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

«Հալեպահայությունը հազիվ հաղթահարել էր առաջին երկրաշարժի ահն ու սարսափը, արդեն հույս ուներ, որ կամաց-կամաց կվերադառնան իրենց բնակարանները, եւ նորից երկրաշարժ։ Գիշերը կրկին դուրս են եկել իրենց տներից, վախեցել եւ դրսում գիշերել։ Ցնցման հետեւանքով միայն մեկ-երկու շենք փուլ եկավ, իսկ արաբական հատվածներում շենքերն արդեն իսկ բնակելի չէին, եւ զոհեր չեղան։ Հայերը եւս չեն վիրավորվել, սակայն ուշագնացության դեպքերով են դիմել շտապօգնությանը»,- նշեց Պողիկյանը։

Պողիկյանի խոսքով՝ հայ անօթեւանների թիվը փոփոխություն չի կրել, նրանք 60-ն են եւ հիմնականում բնակվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։ Կառավարությունը քննարկում է վնասների փոխհատուցման, բնակարանների նորոգման կամ նորերի տրամադրման հարցը, սակայն նրանք դեռեւս որեւէ հստակ մեխանիզմ չեն մշակել։

«Հիմա փոխհատուցման հարցում շոշափելի արդյունքներ չկան, սակայն առաջնահերթ հիմա Կառավարությունը համարում է անօթեւան մնացած մարդկանց կացության եւ առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման հարցը եւ վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը։ Այս պահի դրությամբ մեր վիրավորներից մեկը՝ Թէնքէճեան ընտանիքի դուստրը, դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել Լիբանան։ Ընտանիքի հայրը շարունակում է իր բուժումը հիվանդանոցում։ Դեռեւս հիվանդանոցում են նաեւ վիրավորված երկու հայ աղջիկները, որոնք ենթարկվել են ողնաշարի վիրահատության»,- ասաց Զարմիկ Պողիկյանը։

Նշենք, որ նախօրեին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել էր 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել երկրի հարավ-արեւելքում՝ 17 րոպե տարբերությամբ։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել 294-ը, որոնցից 18-ի վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 41 հազար մարդ։ Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։

Leave a Reply

Your email address will not be published.