ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը կառավարության նիստին հայտարարել է, թե 2018-ի հեղափոխությունից հետո դատական իշխանությունում շատ բան է փոխվել։
«Եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսելիս խոսում էինք կաշառքի, սակագների և բացառապես մեծ, համատարած կոռուպցիոն երևույթների մասին, հեղափոխությունից հետո ինչ-որ մի շրջան խոսակցություն կար, որ դատական իշխանությունն անկախ է գործադիր և օրենսդիր իշխանությունից, բայց անկախ չէ որոշ կապերից, հիմա արդեն խոսում ենք ձգձգումներից և ուշացումներից, որոնք նույնպես արդարացում չունեն»,–ասաց նա։
Ըստ Անդրեասյանի՝ հանրությունը հաճախ արդարադատության համակարգից հիասթափություն է ապրում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Նա օբյեկտիվ պատճառների թվին դասեց դատական գործերի քննության ձգձգվող ժամկետները։
«Հանրային ընկալման հարց է, երբ կոռուպցիոն գործերը տարիներ շարունակ պատասխան չեն ստանում։ Ուղղակի այստեղ կա բացատրություն և արդարացում՝ դատավորների սահմանափակ քանակ»,–ընդգծեց նա։